Թրամփի վերադարձը և ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաիմաստավորումը
13 ր. | 2025-01-21Ի ր առաջին պաշտոնավարման ընթացքում Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը նշանավորվեց «Առաջին հերթին Ամերիկան» մոտեցմամբ։ Նա ԱՄՆ-ին դուրս բերեց առանցքային միջազգային համաձայնագրերից, այդ թվում՝ «ԱՄՆ-ի վրա անարդար տնտեսական բեռ» դարձած Փարիզի կլիմայի համաձայնագրից և Իրանի միջուկային համաձայնագրից, մաքսատուրքեր սահմանեց, որոնք սրեցին առևտրային հարաբերությունները Չինաստանի հետ և կասկածի տակ դրեց ՆԱՏՕ-ի նման բազմակողմ կազմակերպությունների դերը: Թեև այս քայլերն ուղված էին ԱՄՆ-ի շահերի ամրապնդմանը, դրանք անորոշություն ստեղծեցին դաշնակիցների շրջանում։ Թրամփի վերընտրմամբ մտահոգությունները մեծանում են միջազգային կարգի հնարավոր խաթարումների վերաբերյալ. դաշնակիցները պատրաստվում են վերադառնալ գլոբալ դիվանագիտության նկատմամբ նրա մարտական և անկանխատեսելի մոտեցմանը:
Պաշտոնավարման նախորդ շրջանի ուսումնասիրությունից, նախընտրական քարոզարշավի ժամանակ ունեցած ելույթներից և տված խոստումներից զատ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին հետաքրքիր պատկերացում է տալիս հակասական հեղինակություն վայելող «Նախագիծ 2025»-ը։ Այն համապարփակ քաղաքականության ծրագիր է, որը մշակվել է պահպանողական վերլուծական կենտրոնների, մասնավորապես «Հերիթիջ» հիմնադրամի կողմից, որը նախանշում է ապագա հանրապետական վարչակազմի օրակարգը: 900 էջանոց այս փաստաթուղթը, որի կազմման գործում ընդգրկված են 307 անձինք, ներառում է քաղաքականության տարբեր ոլորտներ, այդ թվում՝ արտաքին հարաբերությունները, ազգային անվտանգությունը, կրթությունը և նախագահական լիազորությունները։
Թեև իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը փորձեց իրեն զատել Նախագիծ 2025-ից, նրա վարչակազմի մի շարք նորընտիր բարձրաստիճան պաշտոնատար անձինք մեծապես ներգրավված են եղել նախագծի կազմման մեջ: Օրինակ՝ Ռասել Վոութը, ով փաստաթղթի համահեղինակներից է, առաջադրվել է ղեկավարելու Կառավարման և բյուջեի գրասենյակը, Թոմ Հոմանը` դառնալու «սահմանային ցար», Բրենդան Կարը` Թրամփի Հաղորդակցության դաշնային հանձնաժողովի նախագահ, Ջոն Ռաթքլիֆը` ԿՀՎ տնօրեն: Փաստաթղթի 40 հեղինակներից և խմբագիրներից 18-ը ծառայել են Թրամփի առաջին վարչակազմում, 12-ն աշխատել են ինչպես առաջին վարչակազմում, այնպես էլ նրա անցումային կամ նախընտրական թիմերից մեկում: Բացի այդ նախագծի կազմման գործում ներդրում ունեցած 267 այլ անձանցից առնվազն 144-ը ևս աշխատել են Թրամփի վարչակազմում, նրա նախընտրական կամ անցումային թիմերում։ Եվ չնայած Թրամփի արտահայտած դիրքորոշումների և որդեգրած քաղաքական ծրագրերի հետ Նախագծի բազում համընկնումներին և այն հանգամանքին, որ «Հերիթիջ» հիմնադրամի նախագահ Քեվին Դ․ Ռոբերտսը The New York Times պարբերականին տված հարցազրույցում, նշել է, որ «Հերիթիջ»-ի դերն այսօր «Թրամփիզմը ինստիտուտցիոնալացնելն» է, Թրամփի թիմի կողմից Նախագծի հետ առնչության բազմաթիվ ժխտումների պայմաններում, պնդել, որ փաստաթուղթը ամբողջապես լինելու է ղեկավարման ուղեցույց, ավելի քան սխալ կլինի։ Ուստի «Նախագիծ 2025»-ի ուսումնասիրությունն այստեղ չի ենթադում դրա բովանդակության՝ որպես միաշնակ պնդումներ կամ նույնիսկ ենթադրություններ անելու բավարար հիմք։
Հարաբերությունները Իրանի հետ
Թ րամփի կառավարման առաջին շրջանը նշանավորվել է Իրանի հետ խոշոր առճակատումներով և հիշվում է որպես «առավելագույն ճնշման արշավի» ժամանակաշրջան։ Նախ նա միակողմանիորեն դուրս եկավ Իրանի միջուկային ծրագիրը զգալիորեն սահմանափակող Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից՝ կասկածի տակ դնելով դրա արդյունավետությունը, ապա նաև վերականգեց Իրանի նկատմամբ սանկցիաները։ Երկկողմ հարաբերությունների լարման գագաթնակետը դարձավ 2020 թվականի հունվարին «Ղոդսի» ուժերի1 հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, որին հաջորդեցին Իրանի հարձակումները Իրաքում ԱՄՆ ռազմաբազայի վրա։
Հետաքրքրականորեն, այս տարվա նախագահական ընտրություններից առաջ տված հարցազրույցներից մեկում Թրամփը նշեց․ «Ես կցանկանայի տեսնել շատ հաջողակ Իրան։ Միակ խնդիրն այն է, որ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ»: Եվ չնայած այս միտքը կրկնվել է հետո ունեցած ելույթներում ևս, ավելի ուշ արդեն Իրանի հասցեին դաշնային մակարդակով մեղադրանքներ են ներակայացվել նախագահական ընտրություններից առաջ Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։
Ֆրանսիական Le Point թերթին տված բացառիկ հարցազրույցում Թրամփի մերձավորարևելյան հարցերով նոր խորհրդական Մասադ Բուլոսը անդրադառնալով Իրանի նկատմամբ տարվելիք քաղաքականությանը նշեց, որ վերադարձ է կատարվելու «առավելագույն ճնշման արշավին» և առանձնացրեց երեք առանցքային խնդիր, որոնց ուղղությամբ պետք է աշխատանք տարվի. Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, Իրանի բալիստիկ հրթիռները վտանգ են ներկայացնում ոչ միայն Իսրայելի, այլև Պարսից ծոցի երկրների համար, և վերջապես, իրանական պրոքսիների գործունեությունը մերձավորարևելյան տարածաշրջանում խնդրահարույց է։ Ըստ երևույթին ԱՄՆ-ը ձեռնամուխ կլինի պատժամիջոցների ուժեղացմանը՝ փորձելով սահմանափակել Իրանի նավթային եկամուտները։ Բացի այդ վերջին շրջանում Գազայում պատերազմի ֆոնին ավելի հաճախակի դարձած բախումները Իրանի և ԱՄՆ աջակցությունը վայելող Իսրայելի միջև նվազեցնում են Իրանի և ԱՄՆ-ի միջև հաշտեցման եզրեր գտնելու հնարավորությունը։
Ըստ Նախագիծ 2025-ի Իրանն այժմ այնքան թույլ է, որքան չի եղել իր պատմության ողջ ընթացքում։ Այստեղ արձանագրվում է, որ Իրանը ԱՄՆ արտաքին քաղաքական հետաքրքրությունների շրջանակում է, և որ միգուցե հիմա է ճիշտ ժամանակը իրանական աստվածապետության վրա ավելի ուժեղ ճնշում գործադրելու, Իրանի ժողովրդին աջակցելու, Իրանին ազատ և ժամանակակից ազգերի համայնք ներգրավելու, տնտեսական և դիվանագիտական գործիքների կիրառմամբ նոր որակի երկկողմ հարաբերություններ ստեղծելու համար։ Իրանին անդրադարձող հատվածներում առանցքային է՝ միջուկային զենքի ստեղծմանը խոչընդոտելու անհետաձգելիությունը։
Քաղաքականության շարունակականությունը Մերձավոր Արևելքում
Մ երձավոր Արևելքը առաջին նախագահության ժամանակաշրջանում անմասն չմնաց Թրամփի կտրուկ ու անսպասելի որոշումներից։ Նախագահի առաջին միջազգային այցերի թվում էին Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Արևմտյան ափը: Թրամփը ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և այնտեղ տեղափոխեց ԱՄՆ դեսպանատունը, միջնորդեց «Աբրահամի համաձայնագրերի»2 ստորագրմանը, հայտարարեց ավելի քան երկու հազար զինվորականներին Սիրիայից դուրս բերելու մասին, ապահովեց շարունակական աջակցություն Սաուդյան Արաբիային՝ վերջինիս նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո ամերիկացի զինվորականներ, ործանիչներ և հրթիռային տեխնոլոգիաներ ուղարկելով։
Վերադառնալով Սպիտակ տուն՝ Թրամփը առաջնահերթություն կտա Աբրահամի համաձայնությունների ընդլայնմանը` որպես Իրանի դեմ դաշինքի ամրապնդման միջոց։ Հաշվի առնելով ԱՄՆ-ի էներգետիկ անկախության վրա իր շեշտադրումը՝ պաշտպանելու համար ներքին նավթի արդյունահանման ծավալները նա կաջակցի Պարսից ծոցի դաշնակից երկրներին քայլեր ձեռնարկել համաշխարհային շուկայի կայունացման ուղղությամբ։ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը և նրա «Խաղաղությունից դեպի բարգավաճում» ծրագիրը ցույց տվեցին իսրայելամետ կողմնակալություն: Նրա վերադարձը կարող է ավելի մարգինալացնել պաղեստինյան շահերը ԱՄՆ դիվանագիտության մեջ՝ պոտենցիալ սրելով լարվածությունը:
Նախագիծ 2025-ի հեղինակների կարծիքով ԱՄՆ չպետք է հրաժարվի տարածաշրջանից, քանի որ առանց ԱՄՆ-ի ղեկավարության տարածաշրջանը կարող է ավելի ընկղմվել քաոսի մեջ կամ դառնալ ամերիկյան հակառակորդների զոհը․ օրինակ՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները պետք է ամրապնդվեն այնպես, որ լրջորեն սահմանափակվի չինական ազդեցությունը Էլ Ռիադում։
Տարածաշրջանում դիրքերի ամրապնդման համար պլաններն ուրվագծելիս հետաքրքիր անդրադարձ է կատարվում Թուրքիային, որի հետ պետք է ապահովել եռանդուն շփում՝ նրան հետ պահելու Ռուսաստանի կամ Չինաստանի կողմ թեքվելուց, ինչը, հավանաբար, կպահանջի վերաիմաստավորել ԱՄՆ-ի աջակցությունը YPG/PKK-ին՝ (Ժողովրդական պաշտպանության միավորներ/Քրդստանի աշխատավորական կուսակցություն) քրդական ուժերին, որոնք Անկարայի կարծիքով գոյաբանական սպառնալիք են իր անվտանգությանը։
Նորընտիր նախագահի խոսքերով «Սիրիայի ապագայի բանալին Թուրքիայի ձեռքում է», և հաշվի առնելով Թուրքիայի ամրապնդված տարածաշրջանային դիրքն ու կայունությունը՝ Ռուսաստանի և Չինաստանի դեմ ԱՄՆ պայքարի համատեքստում կարելի է ակնկալել ամերիկյան կողմի ջանքերը՝ Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցության ապահովման ուղղությամբ։
Հարբերությունները Չինաստանի և Թայվանի հետ
Թ րամփի առաջին նախագահության ժամանակ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները հատկապես լարված էին ատևտրային ճակատում. Թրամփի` մաքսատուրքերի բարձրացման քաղաքականությունը բնութագրվում էր որպես «առևտրային պատերազմ» Չինաստանի նկատմամբ։ Վարչակազմը քննադատել է Չինաստանի քաղաքականությունը Հոնկոնգում, Սինցզյանում և Հարավչինական ծովում՝ ընդգծելով մարդու իրավունքների խախտումների և տարածաշրջանային անվտանգության կապակցությամբ մտահոգությունները։ COVID-19 համաճարակը էլ ավելի լարեց հարաբերությունները, քանի որ Թրամփը հաճախակի սկսեց մեղադրել Չինաստանին վիրուսի համաշխարհային տարածման մեջ։
2024 թվականի իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը հստակ դիրքորոշում է հայտնել Չինաստանի նկատմամբ՝ ընդգծելով տնտեսական միջոցառումները և ազգային անվտանգության մտահոգությունները: Թրամփը խոստացել է 25% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող բոլոր ապրանքների վրա՝ նպատակ ունենալով լուծել առևտրային անհավասարակշռությունը և պաշտպանել ամերիկյան արդյունաբերությունը: Նա նաև հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ավելի վճռական դիրքորոշում որդեգրելու պատրաստակամության մասին՝ Չինաստանի աճող ազդեցությանը հակազդելու համար:
ԱՄՆ-ՉԺՀ հարաբերությունների կարևոր հարթություններից մեկը Թայվանն է․ վերլուծաբան Ռայան Հասը նշում է, որ Թրամփը հազվադեպ է խոսում Թայվանի մասին, իսկ խոսելիս դժգոհում է, որ Թայվանը քիչ է վճարում իր իսկ պաշտպանության համար և «անարդարացիորեն օգուտներ է քաղում» Ամերիկայի կիսահաղորդչային հատվածից: Նախընտրական շրջանում Bloomberg Businessweek-ին տված հարցազրույցում Թրամփը շրջանցել է այն հարցերը, որոնք վերաբերել են Պեկինի հնարավոր ագրեսիայի պարագայում ԱՄՆ-ի կողմից կղզու անվտանգության ապահովմանը՝ կենտրոնանալով այն պնդման վրա, որ Թայվանը պետք է ԱՄՆ-ին ավելի շատ վճարի պաշտպանության համար։
Չինաստանն այն պետութունն է, որին Նախագիծ 2025-ը անդրադառնում է ամենաշատը և ավելի ագրեսիվ շեշտադրումներով։ Ըստ դրա ամերիկացիների անվտանգության, ազատությունների և բարգավաճման համար ամենամեծ վտանգը Չինաստանն է, այն իր գիշատիչ առևտրային գործելակերպով Միացյալ Նահանգների համար տոտալիտար թշնամի է, ոչ թե ռազմավարական գործընկեր կամ արդար մրցակից: Ըստ հեղինակների Չինաստանի հետ տնտեսական ներգրավվածությանը պետք է վերջ տալ, և ոչ թե վերանայել: Պեկինը հսկայական սպառնալիք է ներկայացնում խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների, այդ թվում Թայվանի համար։ Հեղինակներն առաջարկում են առաջնահերթություն տալ պաշտպանական ռազմավարությանը՝ կենտրոնանալով հնարավոր չինական ներխուժումը կանխելու և տապալելու վրա։
Հարաբերությունները բազմակողմ համագործակցության հարթակների հետ
Թ րամփի օրոք ԱՄՆ-ի հարաբերությունները բազմակողմ համագործակցության հարթակների հետ բնութագրվում էին միջազգային համաձայնագրերի նկատմամբ ընդգծված թերահավատությամբ և միայնակ գործելաոճին նախապատվությամբ: Թրամփը պնդում էր, որ շատ պայմանագրեր և կազմակերպություններ անարդարացիորեն վնասում են Միացյալ Նահանգներին:
ASEAN-ը (Հարավ-արևելյան Ասիայի երկրների ասոցիացիան), APEC-ը (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) ներկայացնում են առանցքային տարածաշրջանային կազմակերպություններ առևտրատնտեսական համագործակցության տեսանկյունից: Թեև Թրամփը մասնակցում էր այդ կառույցների ֆորումներին, նրա մասնակցությունն անհետևողական էր, և նրա վարչակազմի ուշադրությունը հաճախ տեղափոխվում էր դեպի երկկողմ առևտրային բանակցություններ՝ կասկածի տակ դնելով այս կառույցների շահավետությունը ԱՄՆ-ի համար։
Թրամփը հետևողականորեն քննադատում էր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, մասնավորապես Գերմանիային, պաշտպանական ծախսերի պարտավորությունները չկատարելու համար։ Նա պնդում էր, որ ԱՄՆ-ը կրում է անհամաչափ ֆինանսական բեռ և սպառնում էր կրճատել ԱՄՆ աջակցությունը՝ կասկածի տակ դնելով դաշինքի արդիականությունը։ Այժմ էլ, ըստ տարբեր աղբյուրների, Թրամփը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կավելացնեն իրենց պաշտպանական ծախսերը մինչև ազգային համախառն ներքին արդյունքի 5 տոկոս, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է դաշինքի ներկայիս 2 տոկոս թիրախին: Անդրադառնալով ՆԱՏՕ-ին՝ Նախագիծ 2025-ի հեղինակները նույնությամբ պնդում են ծախսերի ավելացման կարևորության մասին գրելով․ «Չի կարելի սպասել, որ Միացյալ Նահանգները պաշտպանական հովանոց կապահովի այն երկրների համար, որոնք չեն ցանկանում պատշաճ ներդրում ունենալ»։
Նույն կերպ ժամանակին լարվեցին նաև ԵՄ-ի հետ հարաբերությունները․ Թրամփի վարչակազմը մաքսատուրքեր սահմանեց եվրոպական ապրանքների, ներառյալ պողպատի և ալյումինի վրա՝ պատճառ բերելով ազգային անվտանգության մտահոգությունները: Բացի այդ Թրամփի հռետորաբանությունը երբեմն ընկալվում էր որպես աջակցություն Եվրոպայում պոպուլիստական և ազգայնական շարժումներին։ Նախագիծ 2025-ն, ահա, առաջարկում է ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջև առևտրային պայմանավորվածությունների համապարփակ վերանայում։ Հիմա արդեն վերընտրված Թրամփը Եվրամիության երկրներին ավելացրել է առևտրային գործընկերների այն ցանկում, որոնց նա ավելի շատ ամերիկյան ապրանքներ ներմուծելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու պարագայում սպառնում է մաքսատուրքերով:
Ռուս-ուկրաինական պատերազմ
2 022 թվականից ի վեր Թրամփը շատ է անդրադարձել ռուս-ուկրաինական պատերազմին։ Նախ նա մշտապես պնդում է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահ՝ պատերազմը անգամ չէր էլ սկսի։ Նա նաև բազմիցս հավաստիացրել է, որ կարող է արագ՝ 24 ժամում, վերջ տալ պատերազմին՝ առանց կոնկրետ ռազմավարություն ներկայացնելու։ Անդրադառնալով Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը՝ Թրամփը պնդում է, որ դեմոկրատները ֆինանսավորում և զինում են լայնածավալ ու անվերջանալի մի պատերազմ, որը ձեռնտու չէ ԱՄՆ-ին: Այնուամենայնիվ, Ուկրաինայի ֆինանսավորման կտրուկ կրճատումը խաղաղություն չի կարող բերել, հակառակը, այն միայն կխթանի Ռուսաստանի հետագա ագրեսիան:
Թրամփը իրեն դիրքավորել է որպես հնարավոր գործարքի միջնորդ և հաճախ է խոսում իր՝ ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու հետ անձամբ բանակցելու կարողության մասին։ Թրամփի որոշ խորհրդականներ ակնարկում են, որ նրա մոտեցումը այս հարցում կարող է ներառել Ուկրաինայի վրա ճնշում գործադրելը՝ խաղաղության դիմաց Ռուսաստանին տարածքային զիջումներ անելու պարտադրանքի տեսքով: Այս մոտեցումը համընկնում է «արագ արդյունքների» հասնելու վրա Թրամփի կենտրոնացման հետ: Խորհրդականները ընդգծել են նաև հավանականությունը, որ այս պարագայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը դուրս կգա բանակցային սեղանից:
Հետաքրքրականորեն Նախագիծ 2025-ը այս առնչությամբ ներկայացնում է «պահպանողական մտքի երկու դպրոց»․
- Պահպանողական մտքի առաջին դպրոցը գտնում է, որ Ռուսաստանը մեծ մարտահրավերներ է ներկայացնում ԱՄՆ-ի շահերին, ինչպես նաև խաղաղությանը, կայունությանը և Եվրոպայում սառը պատերազմից հետո հաստատված անվտանգության կարգին: Այս տեսակետը հիմնավորում է ԱՄՆ-ի շարունակական ներգրավվածությունը, ներառյալ ռազմական օգնությունը, տնտեսական օգնությունը և անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զորքերի ներգրավումը ռազմական գործողություններին: Վերջնական նպատակը պետք է լինի Ռուսաստանի պարտությունը և վերադարձը նախապատերազմյան սահմանային գծերին:
- Պահպանողական մտքի մյուս դպրոցը հերքում է, այն տեսակետը, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային ընդհանրապես բխում է ազգային անվտանգության շահերից: Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ և, ըստ հեղինակների, տարածաշրջանի ամենակոռումպացված երկրներից մեկն է։ Հակամարտությունից անմիջականորեն տուժած եվրոպական երկրները պետք է աջակցեն Ուկրաինայի պաշտպանությանը, իսկ ԱՄՆ-ը չպետք է շարունակի իր ներգրավվածությունը։ Այս տեսակետի վերջնական նպատակը հակամարտության շուտափույթ ավարտն է՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային կարգավորման միջոցով։
Թրամփի նախապատվությունը բանակցային կարգավորման միջոցով հակամարտության լուծմանը և Ուկրաինային ֆինանսական աջակցության քննդատությունը կարող է դրդել ենթադրել, որ «պահպանողական մտքի երկրորդ դպրոցի» տեսությունն առավել իրատեսական է։
Տարածքային ընդլայնման ձգտումներ և սպառնալիքներ ուղված հարևաններին
Դ եռևս իր առաջին նախագահության ընթացքում Թրամփը հավակնություններ էր հայտնում ԱՄՆ ազդեցության ընդլայնման կապակցությամբ: 2019 թվականին Գրենլանդիան գնելու նրա հետաքրքրությունը պայմանավորված էր Արկտիկայում նրա ռազմավարական դիրքով և հսկայական բնական պաշարներով, ներառյալ հազվագյուտ օգտակար հանածոներ: Մինչ Դանիան մերժեց առաջարկը կոչելով այն անհեթեթ, Թրամփը այն որակեց համարձակ քայլ՝ ուղված ԱՄՆ ազգային անվտանգության և տնտեսական շահերի պաշտպանությանը: Նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու նախաշեմին Թրամփն ակտիվացրել է այս հռետորաբանությունը և անգամ նշել՝ չի բացառում ռազմական կամ տնտեսական գործողությունների կիրառումը Գրենլանդիան ձեռք բերելու համար։
Նման հավակնություններ Թրամփը հայտնում է նաև Պանամայի ջրանցքի նկատմամբ՝ նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյին մեղադրելով չինական ազդեցության մեծացում թույլ տալու մեջ։ ԱՄՆ-ի կոնտեյներային բեռնափոխադրումների մոտ 40%-ը ներկայումս անցնում է Պանամայի ջրանցքով և ԱՄՆ-ին Պանամայի ջրանցքն անհրաժեշտ է «տնտեսական անվտանգության» ապահովման համար։ Թրամփն առաջարկում է վերականգնել ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը՝ նույնիսկ ակնարկելով ռազմական գործողությունների մասին, չնայած Պանաման պնդում է, որ ջրանցքի ինքնիշխանությունը սակարկելի չէ:
Այս դիրքորոշումները առաջացրել են միջազգային անհանգստություն. դաշնակիցները, ընդգծում են այլ ազգերի ինքնիշխանությունը հարգելու կարևորությունը: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ բանը ռազմական միջոցների կիրառմանը չի հասնի։
Ազգային կենսական շահերի պաշտպանության շեշտադրումով մաքսատուրքերի բարձրացման սպառնալիքները չշրջանցեցին հարևաններին ևս։ Նա հայտարարել է, որ մտադիր է 25% մաքսատուրք սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող բոլոր ապրանքների վրա՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել այդ երկրների վրա՝ զսպելու անօրինական ներգաղթը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը Միացյալ Նահանգներ՝ խոստանալով, որ սա լինելու իր առաջին գործադիր հրամաններից մեկը։
Բացի Կանադային և Մեքսիկային թիրախավորելուց, Թրամփը մտադիր է ստեղծել Արտաքին եկամուտների ծառայություն (External Revenue Service)՝ մաքսատուրքեր և տուրքեր գանձելու օտարերկրյա աղբյուրներից։ Այս նախաձեռնությունը ներքին հարկային բեռը նվազեցնելու ավելի լայն ռազմավարության մի մասն է՝ ավելացնելով հարկերը օտարերկրյա կազմակերպությունների վրա, որոնք շահում են ԱՄՆ-ի հետ առևտրից։
Այնուամենայնից, քննադատները պնդում են, որ նման արկածախնդրությունները ավելի շուտ կարող են հանգեցնել բնակչության ֆինասական կարգավիճակի վատթարացմանը և կենսամակարդակի անկմանը։
Ամփոփում
Ի նչպես Թրամփի առաջին պաշտոնավարումը, այնպես էլ երկրորդը նշանավորվելու է ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ զգալի տեղաշարժերով՝ հիմնված «Առաջին հերթին Ամերիկան» գաղափարի վրա, շարունակական է լինելու նրա նախկինում որդեգրած քաղաքականությունը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ՝ այս անգամ ավելի կտրուկ շեշտադրումներով։ Ակնհայտորեն միջուկային զենքի ստեղծման վրա հիմնական ուշադրությամբ Իրանը շարունակելու է լինել Թրամփի ոչ ավանդական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից․ Միացյալ Նահանգները հավանականորեն կվերականգնվի Իրանի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականության իրականացումը և կպահպանի իր ուշադրությունը ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա՝ Չինաստանից եկող «գոյաբանական սպառնալիքի» չեզոքացման համար: Ամենայն հավանականությամբ մենք կրկին ականատես կլինենք և՛ ASEAN-ի և՛ APEC-ի՝ որպես բազմակողմ խմբավորումների անտեսման և երկկողմ հարաբերությունների վրա սևեռվածության։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ Թրամփի երկիմաստ առաջարկները ընդգծում են նրա կենտրոնացումը բանակցությունների վրա, սակայն մտահոգություն են առաջացնում հնարավոր զիջումների վերաբերյալ, որոնք կարող են խախտել Ուկրաինայի ինքնիշխանությունը: Թրամփի հայտարարությունները հուշում են նրա նախկին քաղաքականության շարունակության մասին՝ շեշտը դնելով կարճաժամկետ ձեռքբերումների վրա՝ միաժամանակ վտանգելով երկարաժամկետ դաշինքները և գլոբալ կայունությունը: Թեև ոմանք համարում են նրա հաստատակամ մարտավարությունը որպես ԱՄՆ ազդեցության ուժեղացման միջոց, մյուսները վախենում են, որ դրանք կարող են հանգեցնել մեկուսացման և միջազգային հարաբերություններում անկանխատեսելիության աճի: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին՝ տարածաշրջանը ինչպես առաջին պաշտոնավարման, այնպես էլ երկրորդի ժամանակ ամենամեծ առաջնահերթությունը չի լինելու, ինչը սակայն չի ենթադրում, որ այն մատնվելու է բացարձակ անտարբերության։